Վ. Սարոյան. Ծիրանի ծառը

0

Posted by alexbarseghyan | Posted in Մայրենի | Posted on September 26, 2022

Posted on 21 Սեպտեմբերի, 2020

Յուլիսիս Մաքոլին շատ վաղ արթնացավ և արևի տակ առաջին ճառագայթների տակ թռչկոտելով գնաց կով ունեցող հարևանի բակի ուղղությամբ։ Բակ հասնելով, Յուլիսիսը տեսավ կովը։ Փոքրիկ տղան կանգնեց և երկար դիտում էր։ Վերջապես կովատերը դուրս եկավ տնակից՝ ձեռքին մի դույլ և մի աթոռակ։ Մարդը մոտեցավ կովին և սկսեց կթել։ Յուլիսիսը ավելի մոտեցավ և կանգնեց մարդու ճիշտ ետևը։ Եվ, որովհետև դեռևս լավ չէր տեսնում, նա ծունկի եկավ համարյա կովի տակ։ Մարդը տղային տեսավ, բայց ոչինչ չասաց։ Նա շարունակեց կթել։ Իսկ կովն ահա շրջվեց և նայեց Յուլիսիսին, Յուլիսիսն էլ նայեց կովին։ Ըստ երևույթին, կենդանուն դուր չեկավ տղայի այդքան մոտ լինելը։ Յուլիսիսը ելավ կովի տակից, հեռացավ և շարունակեց դիտել։ Կովը իր հերթին նայում էր Յուլիսիսին այնպես, որ փոքրիկ տղան հասկացավ, որ իրենք բարեկամացան։

Տուն վերադառնալու ճանապարհին Յուլիսիսը կանգ առավ դիտելու, թե ինչպես է մյուս հարևանը ամբար շինում։ Այդ մարդը շատ բարձրահասակ էր, նյարդային և անհամբեր. նա չպետք է ձեռնարկեր այդպիսի աշխատանք։ Նա կատաղությամբ էր աշխատում, ամեն տեսակ սխալներ թույլ տալիս, Յուլիսիսը դիտում էր նրան ու ոչինչ չէր հասկանում։

Յուլիսիսը Սանթա Կլարա պողոտա վերադարձավ ճիշտ այն ժամանակ, երբ միստր Արենան հեծանիվով աշխատանքի էր գնում։ Մերի Արենան դռնից ձեռքով հրաժեշտ տվեց հորը և տուն մտավ։

Շաբաթ էր, Իթաքայի դպրոցականների ամենասիրելի օրը։ Փոքր- ինչ հեռու գտնվող մի տնից դուրս եկավ ութ֊ինը տարեկան մի տղա։ Յուլիսիսը ձեռքով ողջունեց այդ տղային և տղան պատասխանեց։ Այդ տղան Լայոնել Քեբոտն էր, որին թեև հարևանները հիմար էին համարում, սակայն մարդկային մի մեծ էակ էր, հավատարիմ, բարի և վեհանձն։ Մի պահ հետո Լայոնելը նորից նայեց Յուլիսիսին և, չիմանալով անելիքը, դարձյալ ձեռքով ողջունեց։ Յուլիսիսը պատասխանեց։ Այսպես այդ փոխադարձ ողջույնը շարունակվեց կանոնավոր ընդմիջումներով, մինչև որ Արայի մթերային խանութի կողքի տնից դուրս եկավ Օգյուստ Գոթլիբը։

Advertisementsabout:blankREPORT THIS AD

Օգին թաղի երեխաների առաջնորդն էր դարձել այն օրվանից, ինչ Հոմեր Մաքոլին, տասներկու տարեկան դառնալով, հրաժարվել էր այդ դիրքից։ Նոր առաջնորդը նայեց շուրջը, տեսնելու համար, թե հետևորդներից ովքեր են ներկա։ Նա ահամարհեց Լայոնելին՝ իբրև հիմարի և Յուլիսիսին՝ իբրև փոքրի, սակայն ողջունեց երկուսին էլ։ Ապա գնաց փողոցի կենտրոնը և սուլեց՝ լրագրավաճառ տղաներին հատուկ ոճով։ Դա մի զիլ սուլոց էր շատ հեղինակավոր, խիստ հրամայական ու անպայմանորեն վճռական։ Օգին սպասեց այն մարդու վստահությամբ, որը գիտե, թե ինչ է անում և ինչ արդյունքի պիտի հասնի։ Անմիջապես լուսամուտներ բացվեցին և պատասխան սուլոցներ լսվեցին։ Շուտով մի խումբ երեխաներ վազելով եկան փողոցի անկյունը։ Մի քանի րոպեում խումբը հավաքված էր։ Օգի Գոթլիբը՝ առաջնորդը, Նիքի Փալոդան, Ալֆ Ռայֆը և Շեկ Մանուկյանը։

— Ո՞ւր եք գնում, Օգի,— ասաց Նիքին։

— Գնում ենք տեսնելու, թե Հենդերսոնի ծիրանները հասե՞լ են,— ասաց Օգին։

— Ես կարո՞ղ եմ գալ, Օգի,— հարցրեց Լայոնելը։

— Արի, Լայոնել,— ասաց Օգին,— եթե հասած լինեն, մի քիչ կգողանա՞ս։

— Գողանալը մեղք է,— ասաց Լայոնելը։

— Ճիշտ է, բայց դա չի վերաբերում ծիրաններին,— հանդիսավոր ասաց Օգին,— իսկ դու, Յուլիսիս,— ասաց նա,— գնա տուն։ Սա փոքր տղաների գործը չէ։ Վտանգավոր է։

Յուլիսիսը երեք քայլ հեռացավ, կանգնեց և դիտեց։ Նա վիրավորված չէր Օգիի հրամաններից։ Նա հասկանում էր օրենքը։ Նա պարզապես դեռ պետք եղածին չափ մեծ չէր։ Նա թեև ուզում էր հարգել օրենքը, բայց չէր կարողանում դիմանալ խմբի մեջ լինելու ցանկությանը։

Առաջադրանքներ

  • Ուշադիր կարդա՛ և բառարանի օգնությամբ բացատրի’ր անծանոթ բառերն ու արտահայտությունները:

  • Քո կարծիքով Օգին ինչո՞ւ էր կարծում, որ ծիրան գողանալը մեղք չէ: Օգին այդպես է կարծում, որովհետև նա համարում էր դա ոչ թե գողություն, այլ բարիքից օգտվում ։
  • Տեքստից առանձնացրու մարդու անուն նշանակող բոլոր բառերը, ինչպե՞ս են դրանք գրվում: Էլ ո՞ր բառերն են գրվում այդպես: Օգիի, Փալոդին, Գոթիբիլ, Ալֆ, Ռայֆ, Շեկ, Նիքի։ Իմ գրած անունները մեծատառով են սկսվում, որովհետև անուններ են։ Մեծատառով են գրվում նաև երկրների և քաղաքների անունները՝ Հայաստան, Ամերիկա, Հունաստան, Ֆրանսիա, Արգենտինա, Պորտուգալիա։
  • Քո կարծիքով ինչպիսի՞ առաջնորդ էր Օգին, խոսքերդ հիմնավորիր: Նա նպատակասլաց և մեծամիտ առաջնորդ էր։ Նա նպատակասլաց էր, որովհետև դարձել էր առաջնորդ, իսկ մեծամիտ էր, որովհետև նա արհամարեց Լայոնելին՝ իբրև հիմարի, իսկ Յուլիսիսին՝ իբրև փոքրի։
  • Ինչո՞ւ էր հեղինակը Լայոնելի համարում մարդկային մեծ էակ, եթե հարևանների կարծիքով նա հիմար էր: Հեղինակը Լայոնելին համարում էր մարդակին մեծ էակ, որովհետև նա բարի էր, հավատարիմ և վեհանձն։

Write a comment

Skip to toolbar