Խուլի այծերը

0

Posted by alexbarseghyan | Posted in Մայրենի | Posted on November 6, 2021

Աթաբեկ Խնկոյա

Մի խուլ մարդ երեք այծ ուներ: Մեկի պոզը կոտրած էր: Ինչպես է լինում, մի օր այծերը կորում են: Տերն ընկնում է դես֊դեն` այծերը գտնելու:
Նա պատահում է մի ուրիշ խուլ մարդու՝ վար անելիս և հարցնում է.
— Բարի աջողում, ապե՛ր, այծերս չե՞ս տեսել:
— Լավ է՝ այսպես ցանեմ, — ձեռը մի կողմ թափ տալով պատասխանում է վար անողը:
Այծատերը կարծելով, թե դեպի ցույց տված կողմն են գնացել այծերը ասում է.
-Թող երկինքը վկա լինի, թե գտա այծերս, պոզը կոտրածը քեզ եմ տալու:
Ասում է և գնում այծերը որոնելու: Այծերը գտնելով՝ ուրախ — ուրախ առաջն արած, քշում բերում է արտավարի մոտ և ասում.
— Շնորհակալ եմ, ախպե՛ր, այծերս գտա, առ այս այծն էլ քեզ, — ու պոզը կոտրած այծը քշում է դեպի նա:

— Ես չեմ կոտրել դրա պոզը, ես տեղեկություն չունեմ,֊ զարմանալով ասում է արտավար խուլը:
— Ի՞նչ ես խոսում, — ասում է այծատերը, — ես այս այծն եմ խոստացել, որ մեռնես, մյուս այծերից տվողը չեմ:
— Չէ’, ես չեմ կոտրել, ֊ բարկացած ասում է մեկը:
— Չէ’, ես էս այծն եմ խոստացել, — կրկնում է մյուսը: Սա՝ նրան, նա՝ սրան, բանը հասնում է տուրուդմբոցի: Վերջն էլ գնում են քյոխվի մոտ գանգատ: Գյուղը չհասած սրանց հանդիպում է մի պառավ կին, նույնպես խուլ և հարսի ձեռքից փախած:

-Ա՛յ նանի, — ասում է այծատերը, — իմ այծերը կորել էին, գնացի, էս մարդուն հարցրի, սա էլ այծերիս տեղը ցույց տվեց: Պոզը կոտրած այծս տալիս եմ սրան, չի վերցնում, ես էդ այծն եմ խոստացել, որ մեռնի էլ, մյուս այծերից տվողը չեմ:
— Ա՛յ նանի, — ասում է խուլ մարդը,- էս օտարականն եկել, ասում է, թե այծիս պոզը դու ես ջարդել: Թող ձեռքս ջարդվի, թե ես էդ բանից տեղեկություն ունեմ:
— Է՜, որդիքս, ձեր արևն ապրի, պատասխանում է խուլ պառավը, — ինչ էլ ուզում է լինի, ես ձեր խնդիրը չեմ կարող կատարել, քանի որ էն չարամիտ, անզգամ հարսը տանն է, ես էն տունը ոտ կոխողը չեմ ու չեմ:

Այսպես շարունակ կռվելով նրանք գնում են իրենց գյուղի իմաստունի մոտ։ Իմաստունը լսեց բոլորի գանգատները և հասկացավ, որ ամեն ինչ խառնվել է իրար և որոշեց օգտվել իրավիճակից։ Այծի տիրոջը հասկացրեց, որ պոզը կոտրած այծը թողնի և գնա, իսկ  արտավարին հասկացրեց, որ կարող է գնալ։ Արդյունքում երեքն էլ գոհ էին․ այծի տերը գոհ էր, որ պոզը կոտրած այծն է տվել, արտավարը գոհ էր, որ կարողացավ ապացուցել, որ ինքը չի կոտրել այծի պոզը, իսկ իմաստունը գոհ էր, որովհետև ձեռք բերեց այծ։

Write a comment

Skip to toolbar