Ճանապարհորդություն դեպի Լուսին

0

Posted by alexbarseghyan | Posted in Մայրենի | Posted on January 11, 2022

Ժուկով-ժամանակով մի փոքրիկ, շատ փոքրիկ գյուղ կար: Էս գյուղի բնակիչներին կոչում էին բալզաթցիներ, որովհետև գյուղի անունը Բալզաթ էր: Նրանք շատ միամիտ մարդիկ էին: Չէ, միամիտ չէին, ճիշտը որ ասենք` խելքից մի քիչ պակաս էին:

Գյուղամիջում մի եկեղեցի կար: Եկեղեցու բակում մոշի մի թուփ էր աճում: Թուփը տարեցտարի մեծանում էր, խոշորանում և եկեղեցու դուռը համարյա փակել էր: Մարդիկ հազիվ էին այնտեղ մտնում:

Մի օր էլ գյուղացիները հավաքվում են ու որոշում եկեղեցին հեռացնել, որ հանգիստ ելումուտ անեն: Գյուղի կանայք մի երկար, հաստ պարան են գործում: Տղամարդիկ պարանը երեք անգամ փաթաթում են զանգակատան շուրջը: Ահել-ջահել հավաքվում են, իրար կողքի շարվում, պարանից քաշում ու գոռում.

  • Մե՜կ-երկո՜ւ, քաշեցի՜նք, մե՜կ-երկո՜ւ, քաշեցի՜նք…

Քաշում են, քաշում, պարանը քիչ-քիչ ձգվում է, երկարում: Բալզաթցիներն էլ մի երկու սանտիմետր հեռանում են եկեղեցուց ու կարծում են, թե եկեղեցին է շարժվել: Ուրախանում են ու գոռում.

  • Եկեղեցին տեղից շարժվո՜ւմ է:

Շատ որ ձգում են, պարանը կտրվում է, և բալզաթցիները իրար վրա են թափվում: Վեր են կենում, շորները թափ տալիս ու նայում եկեղեցուն: Նայում են ու շատ են զարմանում, որ եկեղեցին մի մատնաչափ էլ չի շարժվել: Առաջվա պես իր տեղում է նա և մոշի թուփը:

Write a comment

Skip to toolbar