Ծաղկազարդ

0

Posted by alexbarseghyan | Posted in Հայրենագիտություն | Posted on April 6, 2023

Հայ Եկեղեցին Ս. Հարության տոնին նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ: Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակվել է մանուկների օրհնության օր, քանի որ Քրիստոսի՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ողջունելով Հիսուսին: Այդ օրը եկեղեցիներում կատարվում է մանուկների օրհնության կարգ:

Հիսուսի մուտքը Երուսաղեմ ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ` ձիթենու և արմավենու ճյուղերի հետ իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա և աղաղակելով. «Օվսաննա՜ Բարձյալին, օրհնյալ լինի Նա, Ով գալիս է Տիրոջ անունով»:

Ոստեր և ճյուղեր ընծայելն ընդհանրապես առանձնակի պատիվներ և հանդիսավորություն էր նշանակում: Ձիթենին ընկալվել է որպես իմաստության, խաղաղության, հաղթանակի և փառքի խորհրդանշան:

Ծաղկազարդը խորհրդանշում է նաև արարչության առաջին օրը, երբ Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, և լույսը տարածվելով՝ ցրեց խավարը:

Այս օրը խորհրդանշում է նաև առաջին ժամանակաշրջանը, երբ բույսերով ու ծաղիկներով զարդարվեց երկիրը, և Ադամն ու Եվան ուրախացան դրախտում:

Ծաղկազարդի օրը՝ հրեական Զատկից հինգ օր առաջ, Քրիստոս իր կամքով եկավ Երուսաղեմ՝ Իր չարչարանքների վայրը, որպեսզի ցույց տա, որ ինքն է Աստծո որդինը, ով կամենում է խաչվել մեր փրկության համար:

Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է նախատոնակ, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը տոնական Ս. Պատարագը մատուցվում է բաց վարագույրով:

Ծաղկազարդի առավոտյան եկեղեցիներում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստեր և բաժանում ժողովրդին:

Write a comment

Skip to toolbar