Հայրենագիտություն մայրաքաղաք

0

Posted by alexbarseghyan | Posted in Հայրենագիտություն | Posted on May 11, 2023

Բուենոս Այրես (իսպ.՝ Buenos Aires, բառացի՝ «լավ օդ» կամ «բարի քամիներ», /ˌbweɪnəs ˈɛəriːz/ կամ /-ˈaɪrɪs/[4]Իսպաներեն արտասանություն՝ [ˈbwenos ˈaiɾes][5]իսպ.՝ Ciudad de la Santísima Trinidad y Puerto de Nuestra Señora de Santa María de los Buenos Aires, բառացիորեն՝ «Սուրբ Երրորդության քաղաք և Բարի Քամիների մեր Տիրուհի Սուրբ Մարիամի Նավահանգիստ»), Արգենտինայի մայրաքաղաքը, երկրի վարչական, մշակութային ու տնտեսական կենտրոնը և Հարավային Ամերիկայի խոշորագույն քաղաքներից մեկը։ Բուենոս Այրեսը գտնվում է երկրի կենտրոնաարևելյան մասում՝ խոշորագույն Ռիո դե լա Պլատա ծովածոցի արևմտյան ափին, որը Հարավային Ամերիկայի երկարությամբ երկրորդ գետի՝ Պարանայի շարունակությունն է։ Իր ժամանակակից կարճ անվանումը՝ «Բուենոս Այրես», քաղաքը կրում է 17-րդ դարից։ Մինչ այդ քաղաքը պաշտոնապես կոչվել է հետևյալ լրիվ անունով՝ Ciudad de la Santísima Trinidad y Puerto de Nuestra Señora de Santa María de los Buenos Aires, իսպաներենից բառացի թարգմանությամբ՝ «Սուրբ Երրորդության քաղաք և Բարի Քամիների մեր Տիրուհի Սուրբ Մարիամի նավահանգիստ»։

Արգենտինայում մայրաքաղաքը երբեմն կոչվում է «քաղաք տարբեր անուններով»։ «Կապիտալ ֆեդերալ» (իսպ.՝ Capital Federal)՝ «դաշնային մայրաքաղաք» անվանումը համարվում է քաղաքի ամենաշատ օգտագործվող անուններից մեկը։ Հաճախ այն կոչվում է նաև «Բուենոս Այրես քաղաք» (իսպ.՝ Ciudad de Buenos Aires) կամ պարզապես «Բուենոս Այրես», չնայած նրան, որ երբեմն շփոթմունք է առաջանում, որովհետև կա նաև համանուն գավառ։ Քաղաքի «Ինքնավար քաղաք Բուենոս Այրես» անվանումը (իսպ.՝ Ciudad Autónoma de Buenos Aires, համառոտ՝ CABA) պաշտոնապես ընդունվել է 1996 թվականին քաղաքի կանոնադրությամբ։ Հաճախ խոսակցականում քաղաքը կոչվում է «Բայրես» (իսպ.՝ Baires), որը քաղաքում տարածված (հատկապես երիտասարդության շրջանում) ինքնատիպ ձևի կրճատում է, բայց չի օգտագործվում պաշտոնական փաստաթղթերում[6][7]։ Արգենտինայում մայրաքաղաքի բնակիչներին կոչում են «պորտենյոս» (իսպ.՝ porteños), այսինքն՝ «նավահանգստի բնակիչներ»։

Բուենոս Այրեսը հիմնադրվել է երկու անգամ։ Առաջին անգամ 1536 թվականին քաղաքը հիմնել է Պեդրո դե Մենդոսան[8]։ 1541 թվականին հնդկացիների հարձակման ժամանակ քաղաքը հրդեհվել է, և վերականգնվել է 1580 թվականին Խուան դե Գարայի կողմից (իրավաբան Խուան դե Մատիենսոյի պահանջով[9])։ Հիմնադրման պահին և վերականգնումից հետո քաղաքը եղել է Պերուի փոխարքայության կազմում, որն Իսպանիայի կայսրության մաս էր կազմում։ 1776 թվականին Բուենոս Այրեսը դարձել է նորաստեղծ Ռիո դե լա Պլատա փոխարքայության մայրաքաղաքը[10]։

1806 թվականին՝ բրիտանական առաջին ներխուժման ժամանակ, քաղաքը մի քանի ամիս օկուպացվել է բրիտանական զորքերի կողմից։ 1810 թվականին տեղի է ունեցել Մայիսյան հեղափոխությունը, որի ընթացքում գահընկեց է արվել իսպանական տեղապահը (փոխանորդը) և ձևավորվել ժամանակավոր կառավարություն՝ Առաջին խունտան, որը դարձել է Արգենտինայի առաջին ազգային կառավարությունը։ 20-րդ դարի սկզբին Մեծ Բուենոս Այրեսը եղել է Հարավային Ամերիկա ներգաղթելու հիմնական կենտրոններից մեկը։ 1913 թվականին քաղաքում սկսվել է մետրոյի շինարարությունը, որն առաջինն էր Լատինական Ամերիկայում։

Բուենոս Այրեսը նաև դաշնային մայրաքաղաք է, որտեղ տեղակայված է Արգենտինայի կառավարությունը։ Բուենոս Այրեսը համանուն մարզի մաս չի կազմում, այլ առանձին վարչական շրջան է, որ հիմնվել է 1880 թվականին[11]։ Պաշտոնապես քաղաքը բաժանված է 48 շրջանների. այդ բաժանումը հաստատվել է 19-րդ դարում։ 1994 թվականի սահմանադրական բարեփոխումններից հետո քաղաքն ստացել է ինքնավարություն, ինչից հետո քաղաքապետն ընտրվում է ուղղակի քվեարկությամբ, ոչ թե նշանակվում երկրի նախագահի կողմից, ինչպես նախկինում էր։

Բուենոս Այրեսը ճանաչվել է «ալֆա քաղաք» GaWC5 ուսումնասիրության արդյունքում[12] և գտնվում է ԱմստերդամիՄոսկվայի և Բրյուսելի հետ նույն շարքում[13][14]։ 2016 թվականին Բուենոս Այրեսում կյանքի որակը գնահատվել է 93-րդն աշխարհում և առաջիններից մեկը Լատինական Ամերիկայում. մեկ անձին բաժին ընկնող եկամտի չափով այն առաջին երեք քաղաքներից մեկն է տարածաշրջանում[15][16][17]։ Այն ամենաշատ այցելուներ ունեցող քաղաքն է Հարավային Ամերիկայում և երկրորդը՝ Լատինական Ամերիկայում (Մեխիկոյից հետո)[18]։

Բուենոս Այրեսը զբոսաշրջային խոշոր կենտրոն է[19] և հայտնի է պահպանված իսպանական-եվրոպական ոճի ճարտարապետությամբ[20] և հարուստ մշակութային կյանքով[21]։ 1951 թվականին Բուենոս Այրեսում անցկացվել են առաջին Համաամերիկյան խաղերը, 1978 թվականին՝ ֆուտբոլի աշխարհի առաջնության հանդիպումների մի մասը[22]։ 2018 թվականին Բուենոս Այրեսում են անցկացվել Ամառային երիտասարդական օլիմպիական խաղերը[23] և Մեծ քսանյակի գագաթնաժողովը[24]։

Write a comment

Skip to toolbar